Ներկայիս ճգնաժամն իսկապես աննախադեպ է

Ֆրենսիս Ֆուկույաման ամերիկացի ականավոր գրող, փիլիսոփա և քաղաքագետ է: Նա «The American Interest» պարբերականի և կայքի խմբագրական խորհրդի նախագահն է, Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման և օրենքի գերակայության  հարցերով կենտրոնի ավագ գիտաշխատող: Նրա «Պատմության ավարտը և վերջին մարդը» աշխարհահռչակ գիրքը գաղափարախոսական բեկում էր քաղաքագիտության մեջ: Այն լիբերալ ժողովրդավարությունը հռչակում էր որպես մարդկության սոցիալ-մշակութային զարգացման վերջնակետ: Իր հաջորդ աշխատություններում նա զարգացնում է այն գաղափարը, որ գլոբալացումը համաշխարհային զարգացման գլխավոր ուղին է: Ֆրենսիս Ֆուկույամայի մյուս առավել հայտնի աշխատություններն են՝ «Ամերիկան երկընտրանքի առջև. ժողովրդավարությունը, իշխանությունը և նեոպահպանողական ժառանգությունը», «Պետականաշինություն. կառավարումը և աշխարհակարգը 21-րդ դարում», «Քաղաքական կարգ և քաղաքական անկում. արդյունաբերական հեղափոխությունից մինչև ժողովրդավարության գլոբալացում»:

Պարոն Ֆուկույամա, նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ժամանակակից քաղաքագիտության այս հիմնարար հարցերը Ձեզ հետ քննարկելու հնարավորության համար: Առաջին հարցն ընդհանրական է, այսպես՝ ինչպե՞ս եք գնահատում միջազգային հարաբերությունների համակարգում ստեղծված ներկա իրավիճակը:

Առաջին հերթին, լիբերալ ​​ժողովրդավարության ի հայտ գալը՝ որպես լայնորեն ընդունված կառավարման ձև, անպայմանորեն կապված չէ գլոբալացման այն որոշակի ձևի հետ, որն այն ընդունեց վերջին 30 տարիների ընթացքում: Ես միշտ հավատացած եմ եղել, որ լիբերալ ​​ժողովրդավարությունը պետք է արմատավորված լինի առանձին ազգերի մեջ, քանի որ իրականում գոյություն չունի գլոբալ կառավարման ձև և «միջազգային հասարակություն» հասկացություն: Գոյութուն ունեն միայն առանձին պետություններ, որոնք կարող են լինել ավել կամ պակաս ժողովրդավարական: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ վերջին տասնամյակում նկատվում է լիբերալ ժողովրդավարությունների թվաքանակի ավելացման և դրա ընդունման միտման լճացում, իսկ այսօր  շատ դեպքերում իրավիճակը զարգանում է հակառակ ուղղությամբ:  Այսպես, այսօր գործում են ակնհայտորեն հաջողակ մի շարք ավտորիտար վարչակարգեր, ինչպիսիք, օրինակ,  Չինաստանը և Ռուսաստանն են, որոնք միջազգային հարաբերությունների թատերաբեմի կարևորագույն դերակատարներից են: Այդ հակառակ միտումը բնորոշ է նաև Թուրքիային ու մյուս երկրներին: Կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը և Միացյալ Նահանգները ևս ներկայումս նույն ուղղությամբ են շարժվում: Այդ հակառակ միտումը հակաժողովրդավարական չէ, քանի որ պոպուլիստական է և հիմնված է ժողովրդավարական լեգիտիմության վրա: Այնուամենայնիվ, այն, անշուշտ, ազատական չէ օրենքի գերակայության առումով: Այս բոլոր վերոնշյալ երկրների առաջնորդներն, օգտագործելով իրենց ժողովրդավարական լեգիտիմությունը, փորձել են խախտել օրենքի գերակայությունը և գրոհել զսպումների և հակակշիռների սահմանադրական ինստիտուտները: Կարծում եմ, որ ներկայումս հենց սա է առաջնային քաղաքական մարտահրավերը ողջ աշխարհի համար:

Ձեր կարծիքով, գլոբալացումը գործընթաց է, թե՞ նպատակակետ: Ին՞չ մարտահրավերների է այն առերեսվում և ի՞նչ հեռանկարներ ունի:

Գլոբալացումը մի քանի բան է ենթադրում: Այն հիմնավորապես պայմանավորված է տեխնոլոգիական առաջընթացով, քանի որ տրանսպորտի և հաղորդակցությունների ժամանակակից միջոցներն ավելի են դյուրացրել մարդկանց, ապրանքների և գաղափարների տեղաշարժը  ամբողջ աշխարհով մեկ: Այս իմաստով գլոբալացումն անխուսափելի է: Տարբեր հասարակությունների փոխկապակցման գործընթացը հիմնված էր ազատ առևտրի՝ ամբողջությամբ վավերական տնտեսական տեսության վրա, որն ենթադրում է յուրաքանչյուրի եկամուտը և բարեկեցությունը, ինչն էլ,  ըստ էության, տեղի ունեցավ: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր երկրում կան տուժողներ աճող առևտրից և ներդրումներից: Զարգացած երկրներում դա սովորաբար աշխատավոր դասն է, որն այնպիսի երկրներում, ինչպիսիք Չինաստանը և Հնդկաստանն են, կորցրել է աճող միջին դասին հասնելու համար անհրաժեշտ հենարանը: Սա առաջացրեց հակագլոբալիստական արձագանք, որի ականատեսն ենք այսօր:

Գլոբալացումն, ընդհանուր առմամբ, դիտարկվում է որպես պետությունների միջև տնտեսական, սոցիալական և մշակութային սահմանների աստիճանական վերացում: Համարում եք արդյո՞ք, որ գլոբալացումն իրական սպառնալիք է ազգային պետությունների համար՝ հատկապես ինքնիշխանության և ինքնության պահպանման առումով: Ին՞չ եք կարծում, ազգային պետությունները կվերանա՞ն միջազգային հարաբերությունների ասպարեզից՝ իրենց տեղը զիջելով վերազգային կառույցներին:

Գլոբալացումը չի սպառնում ազգային պետություններին: Տեսանելի ապագայում մենք կունենանք ազգային պետություններ: Իհարկե, գլոբալացումը թուլացնում է երկրների՝ իրենց տարածքով անցնող ամեն ինչ վերահսկելու ունակությունը: Սակայն, մյուս կողմից, գոյություն ունի դիալեկտիկական գործընթաց, որում պետությունները սովորում են հարմարվել այդ իրավիճակին: Օրինակ, 1990-ականների սկզբին գոյություն ուներ տեսակետ, որի համաձայն համացանցը կքայքայեր ավտորիտար կառավարությունները՝ հասանելի դարձնելով տեղեկատվությունը հասարակ քաղաքացիներին: Պարզվեց, որ Ռուսաստանը և Չինաստանը, ըստ էության, կարողացան վերահսկել այդ լրատվական դաշտն այնպես, որ պահպանեցին իրենց քաղաքական ինքնիշխանությունը: Այնպես որ, ես չեմ կարծում, որ ազգային պետությունների վերջն անխուսափելի է: Փաստորեն, մենք ետ ենք գնում, և ազգային պետություններն ավելի են ուժեղանում:

Ես վստահ եմ, որ ազգային պետությունները չեն վերանա միջազգային հարաբերությունների ասպարեզից հատկապես երկու պատճառով: Նախ, նրանք միակ քաղաքական մարմիններն են, որոնք կարող են լեգիտիմ ուժ կիրառել:  Նրանք կարող են հարկադիր ուժ կիրառել՝ օրենքները պահպանելու և բնակչությանը պաշտպանելու համար, ինչը չեն կարող անել անդրազգային ոչ կառավարական կազմակերպություններից և բազմազգ կորպորացիաներից և ոչ մեկը: Ահաբեկչական խմբերը կարող են ուժ կիրառել, սակայն պետությունները միշտ էլ կլինեն ավելի հզոր: Երկրորդ պատճառը ինքնությունն է: Մարդիկ իրենց նույնականացնում են ազգերի հետ, և դա դեռևս շարունակում է այդպես մնալ:         

Ինչպե՞ս է գլոբալացումն անդրադառնում փոքր պետությունների վրա: Արդյո՞ք նրանք պատրաստ են հեշտությամբ ընդունել գլոբալ մշակույթը, թե՞ ազգային ինքնությունը կորցնելու վախը նրանց ստիպում է մեկուսանալ էթնիկ հանրույթի շրջանակներում:

Կարծում եմ, որ գլոբալացման պայմաններում փոքր պետությունների տնտեսությունը չի կարող հարստանալ, եթե այն չի ներգրավվում գլոբալ համակարգում և շուկաներում՝ ժամանակակից տնտեսություն դառնալու համար: Սակայն իրականում ռազմական ուժը ևս կարևոր է: Նկատի ունեմ, որ,  եթե ձեր երկիրը գտնվում է Ռուսաստանի նման մեծ և հզոր պետության հարևանությամբ, դուք ընտրության սահմանափակ տարբերակներ կունենաք, անկախ նրանից, թե ինչ հնարավորություններ է ձեզ ընձեռում տեխնոլոգիան այլ մարդկանց հետ հաղորդակցվելու  և առևտուր անելու առումով: Այնպես որ, կարծում եմ, գլոբալացումը որոշ չափով փոխում է փոքր ազգերի դրությունը, բայց ոչ ավելին:

Կան բազմաթիվ փոքր ազգեր, որոնք ունեն մեծ սփյուռքեր, ինչպես, օրինակ, հայերը: Մի կողմից, սփյուռքի ներկայացուցիչներն իրենց բնակության երկրների քաղաքացիներ են, մյուս կողմից՝ նրանք հավատարիմ են իրենց էթնիկ ինքնությանը և ամուր կապեր են պահպանում ազգային պետությունների հետ: Ձեր կարծիքով, կարո՞ղ են արդյոք սփյուռքերը, հատկապես արդիականացված և ժողովրդավարական պետություններում հաստատվածները, դառնալ գլոբալացման հաղորդիչներ իրենց ազգային պետությունների համար:

Կարծում եմ, որ սփյուռքը շատ կարևոր դեր է խաղում: Շատ երկրներ կախված են արտասահմանում ապրող և աշխատող իրենց քաղաքացիների եկամուտներից: Եթե այդ մարդիկ վերադառնան, ապա մարդկային կապիտալի տեսանկյունից նրանց ներդրումն իրենց ծագման երկրներում չափազանց նշանակալից կլինի: Դրա վառ օրինակն է Էստոնիան: Հետխորհրդային շրջանում շատ էստոնացիներ մեկնեցին ԱՄՆ կամ Արևմտյան Եվրոպա, այնտեղ հասան որոշակի հաջողությունների, ստացան լավ կրթություն: Նրանք վերադարձան Էստոնիա այն ժամանակ, երբ այն կրկին դարձավ ժողովրդավարական հասարակություն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա սփյուռքը, անկասկած, կարող է լինել մարդկային կապիտալի, ռեսուրսների և գիտելիքի լավ աղբյուր:

Ըստ Ձեզ, որո՞նք են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա լարվածության հիմնական պատճառները: Արդյո՞ք ունեք այս ճգնաժամի կարգավորման բաղադրատոմսեր:

Ներկայիս ճգնաժամն իսկապես աննախադեպ է: Ղրիմի գրավման և Արևելյան Ուկրաինայում պատերազմ սկսելու Ռուսաստանի քաղաքականությունը մեծապես խաթարել է Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի հետ հարաբերությունները: Տարօրինակն այն է, որ չնայած ԱՄՆ-ի կառավարությունն, ընդհանուր առմամբ, ընդունում է դա և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառում, ինչը միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է, ԱՄՆ-ի նախագահը, կարծես թե, Ռուսաստանին ավելի շատ է համակրում, քան աշխարհի մյուս ժողովրդավարություններին, և մինչև այժմ ընդդիմանում է այդ քաղաքականությանը: Միանգամայն տարօրինակ իրավիճակ է, երբ ԱՄՆ նախագահն աջակցում է Ամերիկայի ամենամեծ աշխարհաքաղաքական մրցակիցներից մեկին: Ես չեմ կարող նույնիսկ մտաբերել նման այլ դեպք մեր պատմության մեջ: Երկու երկրների միջև նման վատ հարաբերությունների պայմաններում, ես կասեի, որ մեզ անհաժեշտ է ավելի շատ երկխոսություն կամ հաղորդակցության այլ ուղիներ: Այնուամենայնիվ, ես չեմ կարող այդ գործը Թրամփին վստահել: Ցավոք, կարծում եմ, որ մենք խրվել ենք թշնամական հարաբերությունների մեջ:

Արդյո՞ք ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը բացասաբար է ազդում Հայաստանի վրա, որը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի՝ ընդլայնման և մերձավոր արտասահմանն իր վերահսկողության տակ պահելու քաղաքականությունը բարենպաստ չէ Հայաստանի համար: Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը փորձել է իրավիճակը կարգավորել Ռուսաստանի հետ ավելի մտերմանալու, այլ ոչ թե պարզապես Արևմուտքի կողմը բռնելու միջոցով: Այս իմաստով դուք այնքան խոցելի չեք, ինչքան Վրաստանը, քանի որ եթե ԱՄՆ-ը դադարի լինել վերջինիս հուսալի գործընկերը, այն լուրջ խնդիրներ կունենա: Դուք փոքր-ինչ ավելի պաշտպանված եք, բայց մյուս կողմից՝նաև ավելի պակաս անկախ: Քանի որ ընդունել եք Ռուսաստանի գլխավորած ծրագրերն ու համակարգերը,  դուք չունեք Եվրոպայի հետ ձեր կապերն ընդլայնելու այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունի Վրաստանը:

Հայաստանն այսօր ձգտում է ժողովրդավարության և արդիականացման: Ի՞նչ դեր կարող է հայկական սփյուռքն ունենալ այդ գործընթացում:

Ես կասեի, որ հիմնականում ամենամեծ խնդիրներից մեկը կապված է սոցիալական ինստիտուտների և պետության որակի հետ: Հայաստանի համար շատ են վտանգները կոռուպցիայի և հովանավորչության առումով: Ավելին, Ռուսաստանին մոտ լինելը չի օգնում լուծել այդ բոլոր խնդիրները, քանի որ նա ևս նույն համակարգն ունի: Այդ առումով, ես հավատում եմ, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարող են ձեր երկիր բերել այլընտրանքային արժեքներ, գաղափարներ և փորձառություններ, որոնք, իհարկե, կնպաստեն Ռուսաստանի ազդեցության հավասարակշռմանը:

Հեղինակների կարծիքը կարող է չհամընկնել կայքի խմբագիրների դիրքորոշմանը։